38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՓՅՈՒՆԻԿՎԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐՈՒԺՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

ՓՅՈՒՆԻԿՎԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐՈՒԺՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ
19.10.2010 | 00:00

Զատկի հաջորդ գիշերը ծնված երրորդ արու զավակին Սեբաստիա նահանգի Կյուրին գյուղաքաղաքում բնավորված անեցի Խարմանդայանները Հարություն անվանակոչեցին։ Հավանաբար` ի սեր Քրիստոսի։ Ի՜նչ իմանային, որ հարության նրա ներուժն իրեն բաժին ընկած երկրային կարճատև կյանքում ի հայտ է գալու բազմիցս։ Երկրեերկիր դեգերելիս։ Նույնիսկ մայր հայրենիք` Խորհրդային Հայաստան հայրենադարձվելուց հետո։ Երբ վստահ էր, որ ներքին պրկումներով փշառատ կյանքի խոչ ու խութերը հաղթահարելու անհրաժեշտություն այլևս չի ունենա։ Փյունիկվելու նրա բացառիկ ունակությունը, թողած մշակութային ժառանգության ուշացած վերարժևորմամբ, անսպասելիորեն դրսևորվեց բոլորովին վերջերս։ Ծննդյան 100-ամյակի նշանավորումն առիթ դարձավ, որ Հարություն Կալենցն իր հաստատուն տեղը գտնի 20-րդ դարի հայ կերպարվեստի հսկաների` Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Սերգեյ Փարաջանովի և տաղանդաշատ մյուսների կողքին։ Եվ հարություն առնի վերստին ֆիզիկական չգոյությունից 43 տարի անց։
Իրական երջանկության գունագեղ զարդանախշերը` հյուսված ընտանեկան փոքրիկ ֆաբրիկայում արտադրվող նրբաճաշակ գորգերի ու ծածկոցների հանգույն, չխունացան Հարություն Խարմանդայանի մտապատկերում։ Գուցե մանկության 5 հեքիաթային տարիների կենսալիցքերով դիմագրավեց թուրքական յաթաղանի «վրձնած» մահվան անապատի սարսափներին։ Մոր և երկու եղբայրների հետ փրկություն գտավ Սիրիայի Հալեպ քաղաքում` «արյունլվա ներբաններով, բզկտված, սովամահ»։ Շուտով կորցնելով մորը` ապաստան գտավ հայ մանուկների որբանոցում, որի նախակրթարանում էլ նկարչական առաջին փորձերն արեց։ Չորս տարի անց տեղափոխվելով հորեղբոր տուն` թողեց դպրոցն ու աշակերտեց մի ծանոթ գեղագրի։ 13 տարեկանում հանդիպեց իր միակ ուսուցչին` Օննիկ Ավետիսյանին, ով մի քանի ամիս գեղանկարչության հիմունքներ սերմանեց բնատուր շնորհը հաստատած պատանուն։ Սկսում է վաստակել ժանրային կտավները վաճառելով։ Դիմանկարչի համբավ ուներ արդեն, երբ 1927-ին վերաբնակվեց Տրիպոլիում (Լիբանան) ապրող ավագ եղբայրների մոտ։ Հենց այստեղ էր, որ ծանոթացավ ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի հետ ու բացահայտեց արևմտյան գեղարվեստի նորահայտ աշխարհը։ Փոխհարստացնող ստեղծագործական դաշինքով ուղղորդվեց սեփական ձեռագրի գեղագիտական հստակեցումը և, ազգանվան արմատի (թուրք.` «կալ, կալսել») հենքով, «կյանքի ուղեգիր» ստացավ «Կալենց» ինքնագիրը (ֆրանսերեն տառադարձությամբ` Galentz)։
Տարագրության հաջորդ հանգրվանում` Բեյրութում (1930-1946 թթ.), վարպետացող ստեղծագործության և հանրաճանաչման նախանձելի շռայլ շրջափուլ է արձանագրվում Հարություն Կալենցի կենսագրության մեջ։ Ընդլայնվում են ժանրային հետաքրքրությունները` բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, գրաֆիկական խոհ-թերթիկներ, ծաղրանկարներ... Իրար են հաջորդում անհատական ցուցահանդեսները։ Բազմապիսի ծանրակշիռ պատվերներ է ստանում` պաննո հյուրանոցի կամ առանձնատան համար, Զմմառի վանքի եկեղեցու գմբեթի նկարազարդում, Բեյրութի Սբ. Նշան եկեղեցու խորանի Աստվածամոր պատկերում, պետական թատրոնի վարագույրի էսքիզ, «Կոմեդի ֆրանսեզի» հյուրախաղային դեկորացիաներ, հայտագրեր։ Մշակութային բուռն գործունեություն է ծավալում` ստեղծագործելուն զուգահեռ նոր սերունդ կրթելով իր նախաձեռնած գեղարվեստի ստուդիայում։ Հաջողության սանդղակի բարձրակետն է դառնում Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում (1939 թ.) Լիբանանի տաղավարին անզուգական գեղարվեստականություն հաղորդած հարթաքանդակային յոթմետրանոց կոմպոզիցիան` արժանանալով թե՛ ցուցահանդեսի հանձնախմբի, թե՛ Լիբանանի կառավարության պատվոգրերին։ Ակտիվ մասնակիցը լինելով «Արվեստի բարեկամներ» ընկերության կազմավորման` Հարություն Կալենցն իր մեծ ներդրումն է ունենում դրա ամուր հենքի վրա Լիբանանի նկարիչների միություն (1942 թ.) ստեղծելու գործում։
Ձգտելով յուրային լինել յուրայինների մեջ` թողնում է իրեն կայուն ստեղծագործելու և ապրելու բարենպաստ միջավայր տված հյուրընկալ Լիբանանը և 1946-ին կնոջ` Արմինեի ու առաջնեկի` Արմենի հետ հայրենադարձվում Խորհրդային Հայաստան։ Աներևակայելի դաժան փորձությունների առաջին տասը տարիներով խորանում է ջրբաժանը որդեգրած ազատախոհ գեղագիտության ու հանրային վարքագծի և իրեն խորթ հասարակական կեցության ու գաղափարախոսական անդրդվելի հիմնադրույթներով կապանքված գեղարվեստական գործունեության միջև։ Անասելի զրկանքներով դառնացած առօրյան առավել մթագնում է, երբ հեռացվում է Հայաստանի նկարիչների միությունից` մեղադրվելով ֆորմալիզմի ու կոսմոպոլիտիզմի մեջ։ Տարընկալումների տևական ընթացքով թանձրանում է փուխր հոգին պատած «հայրենական թուխպը»։ Ի հակակշիռ` զվարթանում են հյութեղ գույները վրձնած կտավներում, որոնց հայաստանցի կերպարվեստասերը հանդիպում է հանրապետական ցուցահանդեսներում (1947, 1949 թթ.)։ Քաղաքից դուրս քարքարոտ ու ամայի բլրի վրա ընտանիքին հատկացված հողամասում իր նոր տունն է կառուցում ու այգին տնկում։ Համբերատար գործընկեր-կողակցի` ընտանիքի հիմնասյուն Արմինեի ներարկած ապրեցնող կենսավյունով ընդառաջ է գնում դժոխային լաբիրինթոսից ելք նախանշող երևակայական փարոսին։ Եվ 1956-ին, ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի հրաշափառ հայտնությամբ, փյունիկվում է կրկին։ 60-ականների «ձնհալածին» հորձանքում վճռորոշ նշանակություն է ձեռք բերում Կալենցի հանպատրաստից հորինելու շնորհքն իր կոմպոզիցիոն կառուցվածքային ամբողջականությամբ, տարբեր ժանրերի համադրության, բնօրինակի յուրընկալ բացահայտման ինքնահատուկ ունակությամբ։ Հոգեկան վերագտած անդորրի կապույտ ֆոնի վրա սփռված ալպյան մանուշակներով, վարդերով ու քրիզանթեմներով է ծավալում իր «զրույցը» արվեստասեր հայրենակիցների հետ Հարություն Կալենցը։ Բնության գարնանային զարթոնքի, աշնանային բազմերանգ գոբելենի հուզախռիվ պատկերաշարով ներկայանում նախ` Մոսկվայի, ապա` Երևանի (1962 թ.) կերպարվեստասերներին։ «Աշունը բուսաբանական այգում», «Սևանա կղզու Սբ. Կարապետ եկեղեցին», «Գարունը մեր բակում», «Գառնիի ձորը», «Կեչիները Մոսկվայի մերձակայքում»... «Ձև-կերպար» շարքի գունագծային փոքրածավալ մտորումներով գտնվում են արտահայտչական նոր նրբիմաստներ ու երանգներ։
Բնաշխարհից քաղած, առաջին հայացքից արտասովոր իր գույներով վրձնում է կյանքով լի բնութագրական դիմանկարների մի ստվար շարք։ Մարդկային լիարյուն նկարագրով են մատուցվում հանրահայտ անհատները` ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանը, ջութակահար Ավետ Գաբրիելյանը, պարուհի Մայա Պլիսեցկայան, կինոդերասանուհի Վալենտինա Խմարան, թատերագետ Ռուբեն Զարյանը։ Նաև` մտերիմ-հարազատները. Արմինեն, բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանը, բանասեր Լևոն Մկրտչյանը և շատ ու շատ ուրիշներ։ 60-ականների սերնդին անքեն միաբանված` ստեղծագործական նոր վերելքի էր պատրաստվում, երբ խզվեց երկրային կյանքի թելը։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչը (1965 թ.) հետմահու պետական մրցանակի արժանացավ։ Արմինեի անդուլ ջանքերով` նրա անհատական ցուցահանդեսները բացվեցին Մոսկվայում, Լենինգրադում, ապա` Երևանում։ 90-ամյակի կապակցությամբ 2000-ին նախաձեռնված վերջինից հետո Կալենցի կերպարվեստը նորովի ամբողջացված ցուցադրվեց արդի արվեստասերներին մեկդարյա հոբելյանի նշանավորման պետական ծրագրի շրջանակներում։ Լույս ընծայվեց առաջին ալբոմ-մենագրությունը։ Որդու` Սարո Գալենցի եռանդով ու ընտանիքի ներդրումներով վերաբացվեցին Հարություն ու Արմինե Կալենցների կառուցած տուն-արվեստանոցի դռները` «Կալենց» թանգարան դարձած։ Իրագործվեց, փաստորեն, դեռևս 1968-ին ընդունված կառավարական որոշումը յոթնամյա (2002-2009 թթ.) շինարարական աշխատանքներով։ Վարպետի մշակութային ժառանգության պատշաճ հանրահռչակման նախանձախնդրությամբ` նորաստեղծ (2009 թ.) «Կալենց» հիմնադրամը լծվեց Հարությունի և Արմինեի արվեստի ուսումնասիրությանն ու պրոպագանդմանը` ընդգրկվելով ՀՀ մշակույթի նախարարության «Թանգարաններին պետական աջակցություն ցուցաբերելու» երկարաժամկետ ծրագրում։ 2010-ից անդամակցելով ԻԿՕՄ-ին` թանգարանն ի զորու կլինի պետական օժանդակությամբ բեղուն գործունեություն ծավալելու ի նպաստ հայ ազգային արվեստի «ճերմակ» էջերը արժանավայել լրացնելու և ապագա ընդհանուր առաջընթացի։ Հոբելյանական նոր ցուցահանդեսներ են նախատեսվում. Հարությունինը` Բեյրութում, Արմինեինը` Երևանում (ի նշանավորումն ծննդյան 90-ամյակի)։ Գիտակրթական, գրահրատարակչական, հանրաճանաչման բազմաթիվ նախագծեր են իրականանալի դառնալու ճանապարհին գտնվում։ Եվ անսպասելիորեն դրսևորվում է ճշմարիտ արվեստագետի փյունիկվելու բացառիկ ներուժը նորից ու կրկին, ինչի մասին երևակայել (ցնորել) անգամ չէր կարող տատասկոտ կյանքում կողմնակի վայրիվերումներից բազմիցս ընկճված, տարիներով հանիրավի մոռացված Հարություն Կալենցը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ